This site is created using Wikimapia data. Wikimapia is an open-content collaborative map project contributed by volunteers around the world. It contains information about 32065157 places and counting. Learn more about Wikimapia and cityguides.

Խոյ (Հեր)

Հնում սովորաբար կոչվել է Հեր, իսկ պարսկերեն՝ Խուվաի: Հիշատակվում է իբրև բերդ, ավան, բերդաքաղաք, քաղաք: Գտնվում է Ուրմիա լճից հյուսիս, Կոտուր գետի միջին հոսանքի ձախ կողմում, Խոյի այգեվետ և բարեբեր դաշտում: Մի ժամանակ առանձին խանության, ներկայումս Խոյ համանուն գավառի (մահալի) կենտրոնն է: Իսկ Խոյ գավառը XIX դարի վերջերին ուներ 8 հայաբնակ գյուղ 308 տնտեսություններով և 1836 բնակիչներով: Գավառն ուներ 8 եկեղեցի և միայն մեկ վարժարան: Նրա զուտ հայաբնակ գյուղերից էին Սեյդավարը, Դիզան և Մահլազան: Խոյի գավառը համապատասխանում է պատմական Պարսկահայք աշխարհի Հեր գավառին: Խոյ քաղաքը բավական վնասներ է կրել 1791թ. դեկտեմբերի 27-ի Թավրիզի աղետաբեր երկրաշարժից: Խոյի բնակչության քանակի վերաբերյալ առաձին հեղինակների մոտ և պաշտոնական փաստաթղթերում հաղորդվում են խիստ հակասական տվյալներ: Մինչև 1826—1828 թթ. ռուս պարսկական պատերազմին հաջորդած ներգաղթը, Խոյ քաղաքի և համանուն գավառի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը, իսկ այդ ժամանակներում քաղաքն ուներ մոտ 4000 տուն բնակիչ: Այստեղի հայերը զանգվածորեն գաղթեցին Արևելյան Հայաստան 1828—29 թվականներին: XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին այստեղի հայ բնակչությունը մոտ 115 տուն էր, որոնք ապրում էին քաղաքի բերդից դուրս: Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով՝ ոսկերչությամբ, զինագործությամբ, հյուսնությամբ, փականագործությամբ և այլն: Քաղաքն ուներ իր շուկան՝ տասնյակ կրպակներով ու խանութներով: Կապված էր Վանի և Թավրիզի հետ: Ընդարձակ տարածություն էին գրավում այգիները: Գրեթե չկար որևէ քաղաքացի՝ արհեստավոր կամ առևտրական, որ չունենար իր այգին, պարտեզը, բանջարանոցը: Ենթադրվում է, որ Խոյը համապատասխանում է Պևտինգերյան քարտեզի հին Գոբդի ճանապարհային կայանին: Նրա մասին հիշատակություններ ունեն Թովմա Արծրունին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյանը, Աբրահամ Երևանցին, վրաց աղբյուրները և այլ հեղինակներ: Միջին դարերում որոշ ժամանակ Խոյը Արծրունյաց իշխանների մի ճյուղի ոստանն էր, բարգավաճ քաղաք և ամուր բերդ: Փռված քաղաք է Խոյը: XIX դարի վերջերին այն արևմուտքից արևելք տարածվում էր 5—6 կմ երկարությամբ: Ունի ամուր բերդ, որ գտնվում է քաղաքի արևելյան մասում: Բերդն իր շրջակայքով համարվում է բուն քաղաք՝ կոչվելով Ղալա, իսկ արևմտյան մասը կոչվում է Փոքր մահլա (թաղ): Այս վերջինը համարվում էր նրա արվարձանը և բաղկացած է երեք թաղից՝ Վերին կամ Աղայի, Փոս և Ցածր կամ Քոչաբաղ: Արվարձանի այդ երեք թաղերում էլ ապրում են հայերը: Քաղաքը շրջապատված է երկկարգ հողե բարձր պարիսպներով, որոնց զուգահեռ ներսի և դրսի կողմում ձգվում են խրամներ: Բուն քաղաքում բնակվում են թուրքեր և պարսիկներ: Խոյի բերդը կառուցվել է XVII դարում և ամրացվել XIX դարի առաջին քառորդում: Այստեղ պարսկական թագաժառանգ Աբաս Միրզան դարի սկզբներին մի շարք ամրություններ էր կառուցել տվել ֆրանսիացի ինժեներների ղեկավարությամբ: 1827 թ. ռուսական զորքը գրավել էր այդ բերդը, բայց Թուրքմենչայի հաշտությամբ (1828թ.) նորից վերադարձվել է Իրանին: Խոյում բերդի ամրություններից բացի ուշադրության արժանի են վարչական շենքերը, մզկիթները և եկեղեցիները: Այստեղ հայերն ունեին երկու եկեղեցի՝ ս. Սարգիսը, որ կառուցվել էր XVIII դարում և հաջորդ դարի վերջերին գտնվում էր խարխուլ վիճակում, և նոր եկեղեցին՝ ս. Աստվածածինը: Քաղաքից 2 — 3 կմ հեռավորությամբ, բլրի վրա, կա մի մատուռ: Հայկական ժողովրդական ավանդության համաձայն իբր հենց այդտեղ էլ թաղված է Ավարայրի մեծ հերոսը՝ Վարդան Մամիկոնյանը: Խոյում ս. Սարգիս եկեղեցուն կից գործում էր մի փոքր, ցածր տիպի ուսումնարան, որ գրագիտություն էր սովորեցնում հայ մանուկներին: Քաղաքում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կար երկու որբանոց, որտեղ հանգանակությունների միջոցով պահվում էին ծնողներից զրկված հարյուրավոր հայ մանուկներ:

Խոյ (Հեր) on the map.

Recent city photos:

more photos...